Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք
Թ Ու Խ Ճ Ա Յ Ը
Նվիրում եմ Քեզ
Միայնակ մի ճայ՝ ճիչը հուսահատ,
Միայնակ մի ճայ՝ բախտը վշտալի ,
Միայնակ մի ճայ, թեպետ և ազատ՝
Այս մեծ աշխարհում, ախ, հանգիստ չունի…
Ալյոնա Ռոստովա
Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հանդիպումը հեշտ էր, բաժանումը՝ անասելի դժվար։
Ծովը խաղաղ էր։ Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազը ու ետ էին սահում։
Տղային դուր էին գալիս ճայերը, երբ նրանք թևածում էին ջրերի վրա, ուղղահայաց իջնում ալիքներին ու կրկին թևում վեր։ Ինչ-որ տեղ կարդացել էր, որ ճայերից մեկի կորստի դեպքում՝ մյուսը վերից ուղղահայաց սուրում, իրեն խփում է ժայռերին, զոհվում։ Նա հիմա նայում էր այդ ալիքներին ու մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ հիմա երևի ինչ-որ արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից այն կողմ, և ձայն – ձայնի՝ ազատ ու հանդարտ պտտվում էին կապտաթույր ջրերի վրա։
Տղան չլսեց խճաքարերի ձայնը։ Նա նայում էր հեռվում, ծովի հեռու խորքում կանգնած միայնակ նավին, որ շողշողում էր իրիկնային արևի ներքո։ Կինը ետևի կողմից մոտեցավ, կանգնեց քիչ հեռվում։ Տղային էր նայում։ Ի՞նչ է մտածում այդպես, ո՞ւմ մասին է մտածում, ոչ առանց խանդի, անցավ կնոջ մտքով։ Հեռանալ, հեռանալ, մոռանալ նրան, մտածում էր նա սրտի նվաղումով ու վշտամորմոք, բայց ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ՝ աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, քնքշանքը նրա, ուժեղ շուրթերի հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…
–Ահա և ես,– ասաց նա իր քաղցրահունչ ձայնով։
Տղան իսկույն շրջվեց, թեպետ նրան սպասում էր սրտի անդիմադրելի հուզումով, բայց շփոթվեց, երբ տեսավ նրան՝ միշտ նույն ամոթխած դուրեկան ժպիտով ու սևասև հրացայտ աչքերով։ Նա լայն ժպտաց՝ կնոջ դյուրաբեկ փխրուն մարմինն առնելով գրկի մեջ։
–Սիրելիս, սիրելիս, սիրելիս,– անդադար շշնջում էր տղան, շուրթերը քսելով նրա սևաթույր մազերին։– Վախենում էի, թե չես գա…
–ինչո՞ւ։– Կինն իր կրակացայտ աչքերով նայեց տղային, միաժամանակ մտածելով այն մասին, որ ինքն անկարող է նրան հանել իր սրտից։– Թե՞ ուզում էիր, որ չգայի,– ավելացրեց նա ժպտալով։
– Ոչ։ Վախենում էի, թե չես գա,– ասաց տղան։ – Որ քեզ չի հաջողվի գալ։ Իսկ ես այնպես էի սպասում։– Նա կնոջ մատները մոտեցրեց շուրթերին. քսում էր շուրթերին, մեկ առ մեկ համբուրելով այդ սառնավուն մատները։– Ինչպե՞ս եկար։
– Չգիտեմ։– Կինը թեթև օրորեց գլուխը, սեղմվեց տղային։– Ասացի ընկերուհուս մոտ եմ գնում։
–Չվախեցա՞ր։
–Եթե կարողանամ այդքան մտածել,-գլուխը տղայի կրծքին սեղմած, դառը ժպտաց կինը։– Չեմ կարողանում մտածել։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չեմ կարողանում հասկանալ։ Բայց վերջ։ Էլ չենք հանդիպի։ – Տղան իր կրծքին զգում էր նրա տաք շունչը։– Էլ չեմ կարող, էլ ուժ չունեմ, հարազատս, սա վերջին անգամն է, լսո՞ւմ ես…
– Լսում եմ,– ծանր, բայց ժպտադեմ, ասաց տղան։
Կինը գլուխը բարձրացրեց տղայի կրծքից։
–Ինչո՞ւ այսպես ստացվեց,– ասես ինքն իրեն, երազկոտ ասաց նա։– Ես ինձ համար հանգիստ ապրում էի, ինչո՞ւ ամեն ինչ փոխվեց…
Տղան կատակի տվեց.
–Եթե ես եմ մեղավոր՝ ներող եղիր։
Կինը ժպտաց, գլուխը վերստին սեղմեց տղայի կրծքին։ ''Վերջ,– մտքում ասաց նա։– Սա վերջին անգամն է, էլ չենք հանդիպի''։
Հետո մտախոհ քայլում էին ծովափով, և ծովը միալար աղմկում էր։ Հանդիպեցին հաղորդավար ընկերոջ տանը։ Ըկերոջ ծննդյան օրն էր։ Կինն ամուսնու հետ էր։ Ու տղան երբեմն անկարող էր լինում չնայել նրան։ Ինչ –որ անհայտ ու գայթակղիչ բան կար կնոջ մեջ, որ շարունակ իրեն էր ձգում տղայի հայացքը։ Հաճելի, սրտառուչ երեկո էր։ Խմում էին, զրուցում, երաժշտություն էին լսում։ Դեմ-դիմաց էին նստած։ Տղային նույնիսկ մի պահ թվաց՝ դեռատի կինն այդ ժպտաց իրեն, որից ասես արյունը եռ եկավ ներսում։ Հետագայում նա հաճախակի էր մտածում անծանոթ կնոջ մասին։ Ժպիտն էր հիշում հատկապես։ Ամոթխած այդ ժպիտի մեջ աննկարագրելի հմայք կար, որը գերում էր տղային։ Հետո հանդիպեցին փողոցում, պատահաբար։
–Բարև ձեզ,– առաջինը տղան նկատեց, մոտեցավ,– ինչպե՞ս եք։
–Ոչինչ։– Կինը միանգամայն կորցրել էր իրեն, շիկնահար ու նույն ամոթխած ժպիտով՝ նա սքանչելի էր։– Դո՞ւք ինչպես եք։
–Այսպես,– ուսերը թոթվեց տղան, ժպտաց։– Ինչպես տեսնում եք։– Ձեր ամուսինն ինչպե՞ս է։
– Ոչինչ։– Կինն իրեն վատ զգաց, որ մի հարմար բառ չգտավ այդ անհեթեթ ''ոչնչից'' բացի։ Նա, ասես հիպնոսացած, ուղիղ նայում էր տղային, ուզում էր չնայել ու չէր կարողանում։ Տղան զգում էր դա, նեքուստ հրճվում։
Նրանք մնացել էին կանգնած փողոցի մեջտեղը։ Ասելիք շատ կար, թվում էր, բայց կանգնել էին առանց խոսքի ու կարծես ոչինչ չէին գտնում ասելու, բայցև չէին բաժանվում։
–Լավ երեկո էր, չէ՞,– ի վերջո ասաց տղան,– ձեզ դո՞ւր եկավ։
– Այո,-ասաց կինը, – հաճելի էր ամեն ինչ։ Ուրիշ տեղերում սովորաբար խոսում են առօրյա բաներից, շատ դեպքերում կենցաղային անհետաքրքիր, ձանձրալի մանրուքներից, բայց այստեղ ամեն ինչ, իրոք, այլ կերպ էր, միանգամայն այլ այլ մթնոլորտ էր։ Իսկապես որ, լավ երեկո էր։ Դուք ինչո՞ւ բանաստեղծություններ չկարդացիք,– ավելացրեց նա շիկնանքով։
–Ի՞նչ բանաստեղծություններ,– ժպտաց տղան
–Ձերը։ Դուք գրում եք, ես գիտեմ։ Ես ձեզ մինչ այդ էլ գիտեի, շատ եմ կարդացել ու հաճելիորեն զարմացած էի, առաջին անգամ այդպես պատահականորեն տեսնելով ձեզ։
–Շնորհակալ եմ,– լայն ժպտաց տղան։– Ուրեմն դուք ինձ գիտեիք մինչ այդ։ Իսկ հետո, այդ օրվանից հետո, հիշե՞լ եք ինձ։ Գոնե մի անգամ։
–Հիշել եմ,– ցածրաձայն արձագանքեց կինը և շիկնանքն ավելի ծաղկեց նրա դեմքին։
Այդ պահին նա, իրավ, սքանչելի էր։
–Եվ ոչ մի անգամ…– ավելացրեց նա, ակնդետ նայելով տղայի աչքերի մեջ։– Շատ անգամ եմ հիշել։
–Ես նույնպես հիշել եմ ձեզ։ Ընդ որում, հիշել եմ երանությամբ ու երազել երբևէ հանդիպել ձեզ ու ասել այն մասին, որ բազում բանաստեղծություններ եմ գրել՝ նվիրված ձեզ։ Եվ, քանի որ ձեր անունն անգամ չգիտեի, բանաստեղծական շարքի վրա գրված է՝ ''Ձոներգ անծանոթ գեղեցկուհուն'' ։
–Աստված իմ, դուք ինձ բանաստեղծություննե՞ր եք նվիրել։
–Իհարկե։ Ու հույսս չէի կտրում, որ անպայման կհանդիպեմ ձեզ ու կասեմ ձեզ այդ մասին։ Գիտե՞ք ինչ բան է հույսը։ Ծեր մարդիկ ամեն գիշեր պառկում են քնելու՝ առանց որևէ երաշխիքի, որ հաջորդ օրն առավոտյան արթնանալու են, բայց ամեն դեպքում նորից ու նորից զարթուցիչը լարում ենք։ Այ, դա է հույսը, ու ես երախտապարտ եմ Աստծուն, որ հանդիպեցի ձեզ։
–Շնորհակալ եմ,– անակնկալ բերկրանքից հուզված, ժպտաց կինը։– Ուրեմն մենք երկուստեք հիշել ենք իրար։
Այն երեկոյից հետո կինն, իրավամբ, տղային չէր մոռացել։ Շարունակ մտածում էր նրա մասին, և հիմա, պարզվում է՝ տղան նույնպես հիշել է իրեն, բանաստեղծություններ է ձոնել…Կնոջ մտքով չանցավ անգամ, թե տղան գուցե հենց այնպես, մի բան ասած լինելու համար ասաց այդ ամենը, որ դա պարզապես բանաստեղծական վառ երևակության արդյունք է սոսկ։ Ըստ երևույթին, մարդ հակված է կուրորեն հավատալու այն բանին, ինչին որ սրտանց ուզում է հավատալ։
–Զգացված եմ,– կրկին արտաբերեց նա նույն ցածր ձայնով։– Դուք անչափ բարի եք…